«
Դրակոնյան օրենքներ» արտահայտությունը կապված է Աթենական հանրապետության լեգենդար օրենսդիր Դրակոնի (Դրակոնտ) անվան հետ: Նա ապրել է մեր թվարկությունից առաջ VII դարում և առաջին անգամ բանավոր ձևակերպել է իր ժամանակի դատական իրավունքի նորմերը: Դրակոնի մտցրած օրենքները ուղղված էին ժողովրդի իրավունքների սահմանափակմանը և բնութագրվում էին իրենց բացառիկ դաժանությամբ, խստությամբ և դեսպոտիզմով:
Պլուտարքոսը, ապա նաև աթենական օրենսդիր
Սոլոնը պատմել են, որ այդ օրենքները գրվել են արյունով, գրեթե բոլոր հանցագործությունների համար նախատեսում էին մահապատիժ: Մահապատժի էր դատապարտվում ոչ միայն մարդասպանը, այլև թափառաշրջիկը, անգամ ուրիշի այգուց մի քանի խնձոր թռցրած երիտասարդը: Գոյություն ունի ավանդություն այն մասին, որ երբ Դրակոնին հարցրել են, թե ինչու է միատեսակ մահապատժի դատապարտում ինչպես խոշոր, այնպես էլ մանր հանցագործությունների համար, նա պատասխանել է. «Նրա համար, որ ես գտնում եմ, որ մանր հանցագործությունները արժանի են այդ պատժին, իսկ ծանր հանցագործությունների համար ես ավելի մեծ պատիժ չգտա»:
Դրակոնի օրենքները տարածվում էին նաև այն անշունչ առարկանների նկատմամբ, որոնք դարձել են որևէ մեկի մահվան պատճառը: Նպատակն այն էր, որ մարդկանց մոտ սարսափ առաջացվի սպանության համար պատժի նկատմամբ:
Գրող
Պավսանին պատմում է, որ Ֆազոս կղզում տեղադրված էր ողջ հունական աշխարհում հայտնի ատլետ Ֆեոգենի արձանը: Ինչ որ մեկը, հավանաբար Ֆեոգենի կենդանության օրօք նրա հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող մարդ, ամեն գիշեր եկել է արձանի մոտ և նրան խարազանել մտրակով, մխիթարելով իրեն նրանով, որ իբր վիրավորանք է հասցնում Ֆեոգենին իրեն: Եվ հանկարծ, անսպասելիորեն պղնձե արձանն ընկնում է մարդու վրա, ով մտրակում էր և նրան տրորում: Սպանվածի զավակները հայց են ներկայացնում սպանության վերաբերյալ: Դրակոնի օրենքներով արձանին դատապարտել են ծովը նետելուն: Կղզու բնակիչները անմիջապես դատավճիռն ի կատար են ածել:
«Դրակոնյան օրենքներ» թեվավոր արտահայտությունը պահպանվել է և հասել է մեր օրերը: Իսկ այժմ այդ արտահայտության տակ մենք հասկանում ենք խիստ դաժան, անտանելի ամեն մի օրենք: